Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը բողոքի ակցիայի մասնակիցների խնդրանքով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրած «Կերեք, կշտացեք» տորթը փոխանցել է քաղաքապետարանի կազմակերպչական բաժին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ ինքն ասել է, որ տորթը հասցեագրված է Տարոն Մարգարյանին:

Նա նշեց, որ չի կարծում, թե կտանեն կփոխանցեն Տարոն Մարգարյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մի շարք ակտիվիստներ երթով Երեւանի քաղաքապետարան են հասցրել 50 դրամի նմանեցված տորթը, որի վրա պատկերված էր 50 դրամանոց, իսկ ներքեւում գրված էր. «Կերեք, կշտացեք»: Ակտիվիստների փոխանցել էին,  որ՝ դա չի նշանակում, որ իրենք կողմ են ուղեվարձի 50 դրամով թանկացմանը, այլ փորձում են տորթի միջոցով իշխանությունների ախորժակը փակել, որպեսզի երթուղայիններն ու ավտոբուսները շարունակեն գործել 100 դրամով: Շուրջ 30 րոպե է, ակտիվիստները գտնվում էին քաղաքապետարանի դիմաց, սակայն ոչ ոք չէր իջնում տորթը վերցնելու, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս, որ ակտիվիստները տորթը փոխանցեն քաղաքապետարան: Օսպիպյանը ցուցարարներին առաջարկում էր տորթը հյուրասիրել ակցիայի մասնակիցներին, իսկ նրանք էլ հակադարձում էին, որ թեեւ իրենք քաղցած են, բայց տորթը հասցեատեր ունի՝ հանձին Տարոն Մարգարյանի: Ակտիվիստները վանկարկում են «Իջեք, վերցրեք», «Հարյուր, հարյուր», նաեւ երգում են «Հիսունդ շնորհավոր», իսկ անցնող մեքենաներին կոչ են անում միանալ իրենց շարժմանը: Ավելի ուշ քաղաքապետարն եկավ «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը եւ ցուցարաները ստիպված նրան խնդրեցին տորթը փոխանցել քաղաքապետարան եւ ավագանու անդամը չմերժեց ցուցարարներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am