Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հուլիսի 24-ին, այցելել է Ծաղկաձորի երիտասարդական ճամբար, հանդիպել «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք նրան դիմավորել են հայրենասիրական երգերի եւ ասմունքի կատարումներով:
Նախարարը գոհունակություն է հայտնել, որ երիտասարդներն այս կարճ ժամանակում սովորել եւ հաղորդակցվում են հայերեն: Նա «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների համար հանդես է եկել հայկական Սփյուռքի ձեւավորման, պատմության, առկա խնդիրներին եւ մարտահրավերներին դիմակայելուն նվիրված դասախոսությամբ:
Անդրադառնալով Սփյուռքում ահագնացող խնդիրներին, ինչպիսիք են ուծացումը, խառնամուսնությունները, լեզվի եւ կրոնի պահպանումը՝ նախարարը ընդգծել է Սփյուռքի հետ տարվող աշխատանքների առաջնահերթությունները՝ հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի համախմբումը, հայրենադարձության խթանումը:
Նախարարն անդրադարձել է վերջին շրջանում ամենահրատապ համարվող սիրիահայերի հիմնախնդրին, նրանց աջակցելու ուղղությամբ կատարած աշխատանքներին:
Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել սփյուռքի նախարարությանը հայրենիքը ճանաչելու, մայրենի լեզուն սովորելու, գիտելիքներն ու փորձը հարստացնելու այս հնարավորության ընձեռնման համար:
Նախարարը երիտասարդների հետ քննարկել է համայնքներում լուծում պահանջող խնդիրները եւ պատասխանել նրանց երկքաղաքացիությանը, բնակության երկրներում սփյուռքահայերի իրավական կարգավիճակին, կրթության կազմակերպմանը վերաբերող հարցերին:





























