Երեւանի կենդանաբանական այգին եւ «Բուկինիստ» գրախանութը, հուլիսի 27-ին, հրավիրում են «Հեքիաթի ժամի», որտեղ փոքրիկները հնարավորություն  կունենան ոչ միայն կենդանիներին տեսնելու եւ շփվելու, այլեւ իրենց սիրելի  կենդանիների մասին հեքիաթներ լսելու եւ հանելուկներ գուշակելու:

Կլինեն խաղեր, մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք, փոքրիկների համար կհայտարարվի կենդանիների մասին հեքիաթների եւ նկարազարդումների մրցույթ:

Այս նախաձեռնությամբ Երեւանի կենդանաբանական այգին եւ «Բուկինիստ» գրախանութը նպատակ ունեն երեխաների մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ եւ հոգատարություն` կենդանիների եւ շրջակա միջավայրի նկատմամբ:

Մրցույթին կարող են մասնակցել 7-ից 14 տարեկան այն երեխաները, ովքեր սիրում են ոչ միայն հեքիաթներ կարդալ, այլեւ գրել: Ստեղծագործության հերոսները պետք է լինեն կենդանիները:

Հեքիաթները պետք է լ ինեն ձեռագիր կամ տպագիր՝ Sylfaen տառատեսակով եւ 12 տառաչափով, նախընտրել ի չափը՝ մինչեւ 2 էջ: Հեքիաթի վերջում պետք է գրել հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, հասցեն եւ հեռախոսահամարը:

Ցանկալի է կցել նաեւ հեքիաթի մասին նկարազարդումը:

Աշխատանքները պետք է հանձնել մինչեւ սեպտեմբերի 10-ը «Բուկինիստ» գրախանութ՝ Մաշտոցի 20 կամ Երեւանի կենդանաբանական այգի՝ Մյասնիկյան 20 հասցեներով, ինչպես նաեւ կարող եք ուղարկել [email protected] կամ [email protected] էլ. հասցեներին:

Հեքիաթները կտեղադրվեն «Բուկինիստ» գրախանութի եւ Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջերում www.facebook/bookinistofficial, www.facebook.com/yerevanzoo.am, որտեղ ընթերցողները կկարողանան ծանոթանալ եւ գնահատել դրանք:

Մրցույթի ժյուրիի կողմից ընտրված 10 լավագույն աշխատանքները կտպագրվեն Երեւանի կենդանաբական այգու «ԶՈՒ» ամսագրում եւ կստանան նվեր-գրքեր «Բուկինիստ» գրախանութի կողմից, իսկ ամենահեքիաթային ստեղծագործության հեղինակը կստանա ՀԵԾԱՆԻՎ` Երեւանի կենդանաբանական այգու կողմից:

Արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն սեպտեմբերի 14-ին, Երեւանի կենդանաբանական այգում, որտեղ տեղի կունենա նվերների հանձնման հեքիաթային արարողությունը: