Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կարելի կլինի միայն պահպանել առկա իրավիճակը, ոչ թե հասնել տրանսպորտի ոլորտում սպասարկման մակարդակի բարձրացման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Տրանսպորտը երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկն է, դա բոլորովին այսպես կոչված «գծատերերի» ոլորտը չէ, ինչպես հաճախ ներկայացնում են հասարակությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ երկրի կառավարությունը պետք է սոցիալական ծրագրր իրականացնի, ինչպես նաեւ փոփոխություններ կատարի «Հայաստանի տրանսպորտի մասին» օրենքում:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Երեւանում սոցիալական խմբեր կան, որոնց համար ուղեվարձը չի կարող հասանելի լինել: «Դրա հետ կապված կառավարությունը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ՝ տրանսպորտի ոլորտում իրավիճակը կարգավորելու համար՝ որոշակի չափով մեղմացնելով խոցելի խմբերի վիճակը»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:





























