Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հուլիսի 25-ին, հաստատել է հարկային եւ մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը եւ այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

Դրանով սահմանվում է, որ կառավարությունը աստիճանաբար կհրաժարվի արտոնություններից, կընդլայնի հարկման բազան եւ կընդլայնի շքեղության հարկը: Մասնավորապես՝ ներդրվելու է անշարժ գույքի միասնական հարկի համակարգը, ինչը նաեւ հնարավորություն կընձեռի բարձրարժեք գույքը հարկել ավելի պրոգրեսիվ դրույքաչափերով:

Նշենք, որ շքեղության հարկ թանկարժեք ավտոմեքենաների նկատմամբ Հայաստանում գործում է 2012 թ. հունվարի 1-ից, սակայն սպասելիքներն այս հարկատեսակի առումով չարդարացան:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ շքեղության հարկը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե:  «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, եւ այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երեւանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել: Կարեւոր է նաեւ այն, որ երբ խոսքը վերաբերում էր օղու եւ ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմանը, միշտ փաստարկ էր բերվում, որ եթե հարեւան երկրներում գները ցածր լինեն, դա կհանգեցնի ստվերային շրջանառության: Հիմա ինձ տեղեկացնում են, որ մեր հարեւանները նույնպես մտադիր են բարձրացնել ակցիզային հարկերը: Նաեւ այդ տեսակետից է պետք խնդիրը քննարկել, որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել»,-ասաց Տ. Սարգսյանը: