Սոցիալական այս գերլարված պայմաններում օր առաջ պետք է լուծում տալ տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդրին. որպես առաջին քայլ՝ վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաեւ սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների եւ սոցիալական տարբեր խմբերի համար: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ Երեւանի քաղաքապետի հանդիպումը: Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել: Երեւանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները՝ տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի: Հարցի լուծումը գտնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկը եւս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է: Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով հանձնաժողով կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո:
ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին: Որպես առաջին քայլ՝ վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաեւ սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների եւ սոցիալական տարբեր խմբերի համար:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երեւանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու: Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի:
ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որեւէ հարցի համակողմանի քննարկմանը, եւ մենք վստահ ենք, որ այս հարցը քննարկելու եւ օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ են ստանում, սկսվել է նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում են:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:





























