Երիտասարդությունը, որը վերջին օրերին ցույցեր ու ակցիաներ էր կազմակերպում Երեւանի կանգառներում, ծափահարություններով է ողջունել նորությունը, ըստ որի քաղաքում տրանսպորտի ուղեվարձը կրկին 100 դրամ է դարձել:
Յուրաքանչյուր երթուղային տաքսու կամ ավտոբուսի անցնելիս, «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամները վարորդներին դիմավորում են բուռն ծափահարություններով: Երիտասարդները մոտենում են երթուղային տաքսիներին եւ դիմապակում փակցնում «Ուղեվարձը՝ 100 դրամ» գրությամբ թղթերը: Նրանք վանկարմում են. «Հաղ-թա-նակ»:
Վարորդների եւ ոստիկանների հետ որեւէ միջադեպ այլեւս չի գրանցվում:
Հիշեցնենք, որ բառացիորեն մի քանի րոպե առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն հանձնարարել կասեցնել ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը:
Փաստորեն 5 օր անց Երեւանում տրանսպորտի ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ:































