Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 100 դրամ ուղեվարձին վերադառնալու որոշումը ժամանակավոր է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Դավիթ Տաքսի» ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Առաքելյանը, որը Երեւանում մի քանի երթուղային գծեր է սպասարկում:
«Քաղաքապետի որոշումը ունի իր հիմնավորումները եւ ժամանակավոր բնույթ է կրում: Չեմ կարծում, որ այն 2-3 օրից ավելի տեւի: Այդ որոշման համաձայն՝ քաղաքապետարանը աշխատանքային խումբ է ստեղծելու, որը կուսումնասիրի տրանսպորտի ուղեվարձի սակագինը եւ կօգնի վերջնական որոշման կայացմանը»,-հայտարարեց Առաքելյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, Տարոն Մարգարյանը տրանսպորտի ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որտեղ հանձնարարել է կասեցնել ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը: Այսինքն, այսուհետ ուղեւորները կարող են տրանսպորտի համար վճարել 100 դրամ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեին 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել էր ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանում «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ: Ակտիվիստների նախաձեռնած միջոցառումներն օրեցօր մեծ թափ էին ստանում, սկսվել էր նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում էին:




























