Երեւանում տաքսիների սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց տաքսիստների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը` մեկնաբանելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ավտոբուսների եւ երթուղայինների ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելու որոշման կասեցումը:
Գ. Դոստուրյանի կարծիքով` այս դեպքում տաքսիների սակագինը չի բարձրանա: «Տաքսիստները սակագները կապում են երթուղայինների հետ: Եթե տարբերությունը մեծ լինի, ոչ ոք տաքսիից չի օգտվի: Քանի որ տրանսպորտի համար վերադարձվեց 100 դրամ սակագինը, տաքսիների վարորդների մեծ մասը նույնպես կպահպանի կիլոմետրի դիմաց 80-100 դրամ սակագինը»,-հայտարարեց Գ. Դոստուրյանը:
Միաժամանակ, ըստ նրա, Երեւանում տաքսիների լեգալությանը հետեւելու անհրաժեշտությունը մնում է: «Եւս մեկ խնդիր է տաքսիների համար առավելագույն սակագնի սահմանումը, որպեսզի տաքսու վարորդը «գին չկրակի» ` փաստի առջեւ կանգնեցնելով ուղեւորին»,-նշեց Դոստուրյանը:





























