Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումը փող կլպելու քայլերից մեկն էր:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, ով եւս միացել է Free Car ակցիային եւ «սպասարկում էր» Օպերա-Կոմիտասի սպորտդպրոց գիծը:

«Հայկոն (նկատի ունի «Կարգին սերիալի» դերասան Հայկ Մարթությանին-խմբ) հրաշալի բան մտածեց, որին հաջորդ օրն էլ ես եմ միացել՝ որպես  կարգին նորմալ մարդ: Կեցցե Հայկոն, իսկական կարգին Հայկո:  Ես ուղղակի հրճվանքի պահեր եմ ապրում ամեն անգամ մարդկանց տանելիս: Սոցիալական բոլոր խավերը մասնակցում էին այս ակցիային, ինչը նշանակում է, որ ժողովուրդն իսկապես միավորվում է: Մարդիկ չեն հանդուրժում ուղեվարձի թանկացումը: Երեկ հրաշալի տեսարանների եմ ականատես եղել: Երբ կանգնում են «Նիվա»-ները, միջից դուրս են գալիս հասարակության մեջ չար տղաների համբավ ունեցողները ու տատիկներին տեղ հասցնում: Սա շատ մեծ գեղեցիկ բան է: Ես հրճվանք եմ ապրում, քանի որ  Երեւանը ապրում է  իր ամենամեծ օրերից մեկը»,-ասաց դերասանը:

Վարդան Պետրոսյանը նշեց, թե ասում են, որ այս ամենը սարքած է եւ այլ վարկածներ են առաջ քաշում, բայց դա իր համար էական չէ: «Էականն այն է, որ այստեղ մարդիկ հանդիպեցին: Շատ հուզիչ մի բան պետք է պատմեմ, որը տեղ է գտնելու իմ ներկայացման մեջ: Ինձ պատմեցին, որ մի տատիկ հուզված ասել է. «Էս ինչ լավն են մեր երիտասարդները, ինչ լավ են պայքարում: Լսի, կարո՞ղ ա էրեխեքը պայքարեն հացի գինն էլ մի քիչ իջնի»: Գիտե՞ք ինչքան սիրուն բան կա սրա մեջ, ինչքան սիրուն կապ է նորից վերստեղծվում:  Հրճվանք եմ ապրում, երբ երեխաներն իրենց պայքարով իրենց երկրի տեր են զգում: Երբ  նայում ես այդ երիտասարդներին, դու ինքդ ուզում ես ապրել ոչ միայն այս երկրում, այլ առհասարակ ապրել: Կեցցեն իրենք»,-ոգեւորված նշեց դերասանը:

Նա նաեւ հայտնեց, որ այս ամենը հուլիսի 29-ին Պարոնյանի անվան թատրոնում  ներկայացման նյութ  է դառնալու: «Բա ամոթ չէ՞ր՝ այս թեմային չանդրադառնայի»,- ավելացրեց Վարդան Պետրոսյանը: