Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը ոչ թե հանգստացնող կարող է լինել հասարակության համար, այլ պետք է ընդամենը հիմք տա իրավիճակը վերագնահատելու, նոր իրողություններում նոր քայլերի մասին մտածելու, որովհետեւ պայքարն ավարտված է, բայց դիմակայության մի կողմն ակնհայտորեն միայն նահանջել է եւ գրոհի է անցնելու ցանկացած հարմար պահի: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Եվ ուրեմն, պետք է իշխանություններին չտալ այդ հարմար պահը: Գրեթե ոչ մի կասկած չկա նաեւ, որ Տարոն Մարգարյանի այս որոշումը հասարակական ճնշման արդյունք լինելուց բացի, նաեւ ներիշխանական ճնշումների արդյունք էր, ինչի մասին վկայում էին առավոտյան կառավարության անդամների բավական կոշտ արձագանքները՝ վարչապետի գլխավորությամբ:

Հետաքրքրական է, որ այս պատմությանը որեւէ կերպ չմիջամտեց Սերժ Սարգսյանը՝ չփորձելով միավորներ հավաքել Տարոնի վրա: Նրա համար կամ Տարոն Մարգարյանն այլեւս անհետաքրքիր է, կամ էլ պարզապես Սերժ Սարգսյանը որոշեց խնայել Տարոնին: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք առաջին տարբերակի հետ, այլապես նա թույլ չէր տա, որ նրա հանդեպ անխնա վարվեին կառավարությունն ու վարչապետը: Սակայն, ներիշխանական այս թոհուբոհն էլ, հարաբերությունների այս պարզաբանումն էլ հասարակական ճնշման արդյունք է, որովհետեւ քաղաքացիներն իրենց աննախադեպ համախմբվածությամբ այնպիսի ալիք բարձրացրին Երեւանում, ընդ որում՝ ոչ այնքան քանակի, որքան որակի եւ ներքին բովանդակության տեսանկյունից, որ իշխանություններին այլ բան չէր մնում, քան միմյանց միջեւ մեղավորներ փնտրել եւ սիրաշահելու փորձեր անել հանրությանը...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):