Հայտնի դեպքերի պատճառով թափուր մնացած 38-րդ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների հարցում դեռ խոր անորոշություն է Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Սպասում են Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի: Այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` «պահպանողական» թեւը: Սակայն առավել մեծ ակտիվություն է դրսեւորում ծննդով մեղրեցի, մեր գործընկեր Մենուա Հարությունյանը, որին, ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀԿ որոշ լուրջ շրջանակներ դեմ չեն, որ առաջադրվի:
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, նորագիր մարզպետ Վահե Հակոբյանը եւ յուր հայրիկն էլ ցանկանում են պատգամավոր տեսնել յուրյանց զարմիկ, «ղոխպոր տղա»` Վահեի հորեղբոր որդի Առնոլդ Շվարցենեգերին… խառնեցինք` Հակոբյանին: Վերջինիս շանսերը նույնպես բարձր են գնահատվում, քանի որ Հակոբյանները համարվում են մարզի նոր տեր ու տիրակալները:
Ինչ վերաբերում է քաղաքական մնացյալ ուժերին, ապա դաշնակցականները թերեւս կառաջադրեն Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն, որոշ «չար» լեզուների փոխանցմամբ, ի դեմս յուր ղեկավարի, ասել է` եթե Մենուան դնի, չի բացառվում, որ իրենք թեկնածու չառաջադրեն:
Բայց դե` էս երկրում էդ հարցերը ո՞վ է լուծում... Այնպես որ, սպասենք` արձակուրդից գա-«լուծի»»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























