Արդեն 10 օրից ավելի է, ինչ թանկացել է Վանաձոր-Ֆիոլեովո, Վանաձոր-Մարգահովիտ եւ Վանաձոր-Լերմոնտովո երթուղին սպասարկող տրանսպորտի ուղեվարձը: Նախկին 200 դրամի փոխարեն բնակիչներն այժմ վճարում են 250 դրամ, ինչը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում բնակիչները նշել են, որ վարորդները թանկացումները պատճառաբանում են գազի գնի բարձրացման, ինչպես նաեւ քսայուղերի եւ տեխնիկասարքավորումների թանկացման հետ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետարանի տրանսպորտի վարչության ավագ մասնագետ Վահան Վանյանն ասաց, որ միջհամայնքային որեւէ երթուղու թանկացման որոշում իրենց բաժինը չի կայացրել եւ որ ցանկացած թանկացում միանշանակ ապօրինի կհամարվի:
Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է թանկացել վերը նշված երթուղիների սակագինը, նա պատասխանեց. «Մեկ տարի առաջ երբ նշված կազմակերպությունը շահել է մրցույթը, պայմանագրով ուղեւորափոխադրման գին է սահմանվել 250 դրամը, սակայն բնակչությանը սպասարկել են 200 դրամով, այժմ մրցույթը շահած կազմակերպությունը պարզապես գանձում է պայմանագրով սահմանված 250 դրամը եւ որեւէ անօրինական բան այստեղ չկա»,-ասաց նա:
Այն հարցին, թե արդյոք բաժինն ստացե՞լ է երթուղիների թանկացման հայտեր, Վահան Վանյանը պատասխանեց, որ բանավոր խոսակցություններ եղել են, սակայն պաշտոնապես որեւէ մեկը չի դիմել եւ հետեւաբար նման հարց չի քննարկվել:





























