Քաղաքապետարանի դիմաց հավաքված ակտիվիստները անժամկետ նստացույց են հայտարարել: Նրանք նստել են քաղաքապետարանի աստիճաններին ու գազոնների վրա:

Նստացույցի մասնակիցները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենց գլխավոր պահանջները քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանիի պաշտոնանկություններն են, որին հասնելու համար պատրաստ են նստել այնքան, մինչեւ այդ պահանջների հետ հաշվի նստեն:

Ակտիվիստները նաեւ հույս հայտնեցին, որ իրենց հետեւում շղթա կազմած ոստիկանները ոչ թե կխոչընդոտեն նստացույցը եւ հրելով կհանեն, այլ կպաշտպանեն իրենց եւ թույլ չեն տա, որ որեւէ մեկը խոչընդոտի իրենց խաղաղ ակցիան:

Նշենք, որ այս պահին քաղաքապետարանում արդեն ընդմիջման ժամ է եւ քաղաքապետարանի աշխատակիցները դուրս են գալիս հետեւի մուտքից:

Ի դեպ, ակտիվիստները որոշել էին այցելել նաեւ նախօրեին «Այրարատ» տոնավաճառի կանգառում երթուղայինի դանակահարված վարորդին, սակայն պարզել են, որ նախնական տեղեկություններով նա հիվանդանոցից դուրս է գրվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am