Վերջին 5 օրերին Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին մասնակցող երիտասարդները ստորագրահավաք են նախաձեռնել Change.org-ում եւ կառավարությանն առաջարկում են հուլիսի 25-ը պաշտոնապես հայտարարելու «Հայ երիտասարդի օր»:

Նրանց տարածած տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 20-ից մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ սկսվեց քաղաքացիական բողոքի հուժկու ալիք: Ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեվճարը 100-ից դարձավ 150 դրամ, որն առաջացրեց մայրաքաղաքի բնակչության դժգոհությունը` մասնավորապես երիտասարդության ու ուսանողության շրջանում: Մարդիկ, պայքարի օրինական ճանապարհը ընտրելով, բոյկոտեցին 150 դրամը եւ վճարեցին 100 դրամ: Երեւանի տարբեր հատվածներում, փողոցներում եւ կանգառներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, ցույցեր, երթեր:

Քաղաքացիական բողոքի ալիքին միացան հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, դերասաններ, հաղորդավարներ, շոումեններ, քաղաքական գործիչներ, երգիչ-երգչուհիներ, կատակերգուներ եւ այլք: Երեւանում կազմակերպվեց freecar կամ carpool (Անվճար Մեքենա) ակցիան (freecar.am), որը մի քանի օրերի ընթացքում ուղղակի ոտքի հանեց մարդկանց եւ նրանք իրենց մեքենաներով դուրս եկան Երեւանի փողոցներ եւ անվճար սպասարկեցին մեր հայրենակիցներին:

Գրեթե մեկ շաբաթ տեւած քաղաքացիական հետեւողական ու համառ պայքարի արդյունքում հուլիսի 25-ին հայ երիտասարդության միասնականության ու հավատի շնորհիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցվում է 150 դրամ վճարելու որոշումը:

Այս լուսավոր ու արժանի հաղթանակի առիթով երիտասարդության անունից առաջարկում ենք ՀՀ կառավարությանը հուլիսի 25-ը պաշտոնապես հայտարարել «Հայ երիտասարդի օր»:

Այս պահին ստորագրահավաքին մասնակցել է մոտ 700 մարդ: Ստորագրահավաքին միանալու համար կարելի է այցելել ԱՅՍՏԵՂ: