Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական պեղումների 6-րդ փուլը կամփոփվի հուլիսի 30-ին:

Էրեբունի արգելոց-թանգարանից հայտնում են, որ այդ օրը վաղ առավոտյան ամրոցի միջնաբերդում արշավախումբը կհյուրընկալի Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին` ներկայացնելով հուլիսի 2-ից մեկնարկած պեղումների արդյունքները եւ արգելոց-թանգարանի հետ համագործակցության հեռանկարները:

Այնուհետ, ժամը 11:00-ին Էրեբունի թանգարանում տեղի կունենա արգելոց-թանգարանի եւ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի համատեղ մամուլի կոնֆերանսը, որին  ներկա կգտնվեն նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռոնոն եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Էրեբունիում ընթացող պեղումների նպատակն է գլոբալ առումով հասկանալ, թե արդյոք կյանքն Էրեբունիում  շարունակվել է հետուրարտականից մինչեւ աքեմենյան ժամանակաշրջան ընկած միջակայքում: Միաժամանակ, արշավախմբի եւ Էրեբունի արգելոց-թանգարանի մտահոգությունների կենտրոնում այս տարի դրվել է նախորդ տարիներին պեղումներով բացված որոշ կառուցվածքների /ջրատարն իր ավազանով/ տեւական պահպանության խնդիրը, դրանք հանրությանը ներկայացնելու հնարավորությունը: