Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել սուֆիական եղբայրության ներկայացուցչի հայտարարության դեմ, որն ասել էր, որ հղի կանայք չպետք է «թափառեն փողոցներում», հայտնել է «Hürriyet» թերթը:
Օմեր Տուղրուլ Ինանչերը թուրքական հեռուստաալիքի եթերում ասել է, որ «մեր մշակութային նորմերին չի համապատասխանում հղիության մասին բարձրաձայն հայտարարելը: Կանայք իրենց փորերով չպետք է թափառեն փողոցներում: Դա անբարեկրթություն եւ անբարոյականություն է», – ասել է նա՝ բողոքելով, որ հղիներին ցուցադրում են հեռուստատեսությամբ:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլի եվրոպական մասի Թաքսիմ եւ քաղաքի ասիական հատվածի Կադիկոյե հրապարակներում: Ցույցերին մասնակցել են հղի կանայք եւ նրանց ամուսինները, որոնք հագուստի տակից բարձեր են կցել: Ցուցարարները բղավել են՝ «Մեր մարմինները միայն մեզ են պատկանում»:
«Ապագայի կանաչ եւ ձախ կուսակցության» մամուլի քարտուղար Նադիրե Գյուլը հայտնել է, որ Ինանչերի խոսքերն արտացոլում են «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ջանքերով ստեղծված երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը:
Թուրքիայում կրոնական հարցերով տնօրինությունը դատապարտել է Ինանչերին եւ հայտնել, որ հղիությունն Աստծու պարգեւ է: Ընդ որում, տնօրինությունը նշել է, որ բոլոր կանայք պետք է համեստ հագնվեն եւ չմերկացնեն փորն ու մեջքը, գրում է Newsru Իսրայելը:




























