Հայաստանի ԿԳՆ-ի եւ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջեւ այսօր՝ հուլիսի 26-ին, համագործակցության հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար նախարար Արմեն Աշոտյանը եւ ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորկյանի:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է. «Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց: Հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչեւ վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ եւ դասավանդվող բովանդակության վերանայում, ինչպես նաեւ լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում: Միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթական բարեփոխումների գերակայություններից մեկը մասնավոր հատվածի ներգրավման հարցն է ինչպես կրթական բովանդակության վերանայման, այնպես էլ ուսումնական հաստատությունների կառավարման հարցում նրան դաշնակից դարձնելու եւ վերջնաարդյունքի վրա խարսխված կրթական ծառայությունների մատուցման գործում, որը պետք է լինի բացառապես աշխատաշուկայի պահանջներին համապատասխան»:
Ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորկյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է փորձել օգնել իր հայրենիքին: Նա ընդգծել է, որ այս հուշագրի նպատակն է ստեղծել բազա՝ ինտելեկտուալ եւ մասնագիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ պատրաստելու համար:
Հուշագրի նպատակն է՝ մասնագիտական կրթության եւ ուսուցման /ՄԿՈՒ/ շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն–գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում: Համաձայն հուշագրի՝ կողմերն աջակցելու են.
•ՄԿՈՒ հաստատություններում ուսուցման գործընթացի կազմակերպմանը՝ մասնավորապես ոսկերչական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների նյութատեխնիկական բազայի համալրմանը,
•Վերապատրաստումների միջոցով ՄԿՈՒ հաստատությունների արտադրական ուսուցման վարպետների կարողությունների հզորացմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ուսումնական եւ արտադրական պրակտիկաների կազմակերպմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը,
•Միջազգային ոսկերչական ցուցահանդեսներում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ներգրավմանը:
Կողմերը մասնակցելու են նաեւ ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների եւ ծրագրերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանակմանը եւ հանրային իրազեկման միջոցառումներին:




























