Հայաստանի նախագահին կից Հանրային խորհուրդը մոտ օրերս պատրաստվում է քննարկել Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրային խորհրդի տրանսպորտի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ինքն արդեն դիմել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ խմբի նիստ անցկացնելու խնդրանքով:

Նշենք, որ խմբի նախորդ նիստը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ: Այն ժամանակ հանձնաժողովի անդամները, այդ թվում տրանսպորտային կազմակերպություններից հրավիրված ներկայացուցիչները, չէին կարողացել ընդհանուր որոշման հանգել՝ կապված ուղեվարձը 150 դրամ դարձնելու հետ: Հանձնաժողովը պատրաստվում է քննարկել տարբերակներ, որոնց դեպքում ուղեվարձը կարելի է թողնել 100 դրամ, միաժամանակ համակարգը չդարձնելով վնասաբեր (այդ մասին վիճել էին նախորդ նիստի ժամանակ):