ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) համահովանավորությամբ,  իրականացված «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի չորրորդ փուլի արդյունքում 60 հայ համալսարանական շրջանավարտներ վճարովի պրակտիկայի հնարավորություն են ստացել 21 տեղական ընկերություններում: Շրջանավարտներից 30-ը հիմնական աշխատանքի են անցել այն ընկերություններում, որտեղ որ պրակտիկա էին անցել: Ակնկալվում է, որ մնացած 30-ն էլ շուտով աշխատանք կգտնեն, քանի որ ձեռք են բերել արժեքավոր աշխատանքային փորձ:

«Երիտասարդների առաջխաղացման արահետ»-ը վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը համալսարանական շրջանավարտներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում եւ ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում:

«Հայաատանում երիտասարդների գործազրկության հարցը զարգացման առանցքային մարտահրավեր է, եւ առաձնահատուկ է կրթություն ստացած երիտասարդների հարցը: Մի կողմից` երիտասարդները խոչընդոտներ են ունենում արժանապատիվ աշխատանք գտնելիս, քանի որ չունեն աշխատանքային փորձ: Մյուս կողմից էլ ընկերություններն ու կազմակերպությունները նշում են, որ նորավարտ շրջանավարտները պատրաստ չեն անմիջապես աշխատանքի անցնել, քանի որ չունեն աշխատանքային փորձ, հմտություններ եւ գործնական գիտելիքներ իրենց մասնագիտական ոլորտում:  Այդ պատճառով մենք, համագործակցելով ԱՀԱԸ-ի հետ, փորձել ենք օժանդակել գործազուրկ երիտասարդների սահուն անցումը աշխատանքային շուկա», ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

Նշենք, որ 63 հայաստանյան ընկերություններ եւ կազմակերպություններ ՏՏ-ի, տուրիզմի, ապահովագրության, ֆինանսների, սննդի վերամշակման, կրթության եւ այլ սեկտորներից, դիմել են 6 ամսով պրակտիկանտներ ընդունելու հայցով: Մոտավորապես 800 շրջանավարտներ են դիմել պրակտիկայի թափուր աշխատատեղերի համար եւ 60-ն ընտրվել են ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների եւ տեղական ընկերությունների կողմից մրցակցային սկզբունքով անցկացված հարցազրույցների արդյունքում: Ամենամեծ թվով շրջանավարտներ ընդունել են  ֆինանսական եւ ՏՏ սեկտորները (27 տոկոս եւ 15 տոկոս համապատասխանաբար): Բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպես ակտիվ էին` շրջանավարտներին վարչական տարբեր ստորաբաժիններում աշխատանքի ընդունելով: