Ադրբեջանում հնագետները Ղարաբաղում արդբեջանցիների պատմական բնակության «ապացույցներ» են «հայտնաբերել»:
«ԱզերԹաջ» գործակալությանը սենսացիան բացահայտման մասին հայտնել է արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Իդայատ Ջաֆարովը:
Ջաֆարովի խոսքով` «Պալկիդլի» գերեզմանատանը մ.թ. ա. XII-XI դդ. դամբարաններ են հայտնաբերվել: Գերեզմանատան ուսումնասիրություններն սկսվել են 2009թ-ին, այնտեղ մոտ 20 դամբարան է հայտնաբերվել, որտեղ գտնվել են խեցեղեն, զարդեր: Բոլոր կմախքները կողքի են թեքված, կորացած դիրքով: Գտածոները վկայում են, որ սոցիալական տարբեր դիրքի անձինք են հուղարկավորված:
Ու ահա այստեղ էլ սկսվում է հետաքրքիրը: Ադրբեջանցի «մասնագետները» պնդում են, որ գտածոները բրոնզե դարում եւ երկաթե դարի սկզբներում գոյություն ունեցած ինչ-որ Խոջալի-Գյադաբեյական մշակույթի են պատկանում, որի մասին հայտնի է միայն ադրբեջանցիներին: Անհասկանելի է մնում, թե ինչ առնչություն ունի այդ մշակույթը նրանց հետ:
Այդուհանդերձ, այս ամենից եզրահանգում է արվում, որ հայտնագործությունը «հաստատում է հայերի տարածքային պահանջների» անհիմն լինելը:
Կասկած չկա, որ այդ «պեղումները», ավելի վաղ «հայտնաբերված» մյուս «վկայությունները», ինչպես նաեւ ժամանակակից Ադրբեջանի տարածքում հայերի բնակության հետքերի բացահայտ ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող` «ադրբեջանական հնագույն ժողովրդի մասին» առասպելի ստեղծման քաղաքականության պտուղն է: Այդ նպատակին ուղղված նավթադոլարները պարարտ հող են ստեղծում «պատմաբանների», «հնագետների» եւ բազմաթիվ այլ «փորձագետների» ողջ բանակի ձեւավորման համար, որոնք էլ բազմահատոր «աշխատություններ» են հրապարակում, ֆիլմեր նկարահանում:





























