Աշխատավայրում բռնակալությունը, երբ ղեկավարը սկսում է ոչ ադեկվատ վերաբերվել ենթակային, վերջերս բավական տարածված երեւույթ է, եւ դա պայմանավորված է վերակազմավորման շրջանում ընկերության տնտեսական վիճակով, պարզել է The Independent թերթը:
Օրինակների հիման վրա թերթը եզրակացնում է, որ մեծամասամբ «բռնակալ» են դառնում կանայք՝ ձգտելով նվաստացնել իրենց տղամարդ ենթականերին: Հետեւաբար խոսքը տղամարդկային շովինիզմի մասին չէ: «Բռնակալությունը ընկերության կամ կազմակերպության անկայուն վիճակի ախտանիշ է», - եզրակացնում է հեղինակը:
Ըստ պրոֆեսոր-տեսաբան Ֆրանս Սիլիրսի՝ աշխատողներին վախեցնելն առաջին պլան է մղվում այն ժամանակ, երբ ընկերությունում վերակազմավորում է կատարվում կամ ղեկավար պաշտոններում նշանակվում են նախկինում ղեկավար չաշխատած անձինք: Սեփական անփորձության թերությունները քողարկելու համար վերջիններս սկսում են բղավել աշխատակիցների վրա՝ իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով, հայտնում է NEWSru.com-ը:
Նյութի հեղինակը ղեկավարների համար մեջբերում է ամերիկացի ծովային հետեւակ, Իրաքում ծառայող մի գնդապետի խոսքերը. «Լավագույն եւ ամենաարդյունավետ ղեկավարները պարբերաբար եւ նպատակաուղղված կերպով բարություն են դրսեւորում: Ժամանակի հետ նրանք լավագույն եւ ամենաարդյունավետ թիմերն են ստեղծում»:





























