Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում, օգոստոսի 3-ի երեկոյան  տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Երեւան ավտոճանապարհի 18 կմ-ում բախվել են «Օպել վեկտրա B» մակնիշի 35 VL 931 համարանիշի եւ «Օպել վեկտրա A» մակնիշի 10 OՏ 738 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով  Ստեփանավան քաղաքի բնակիչներ «Օպել վեկտրա A» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 45-ամյա Ռ. եւ ուղեւորներ` 4-ամյա Ա., 22-ամյա Մ. Բալասանյանները, 72-ամյա Ս., 55-ամյա Վ. Բալայանները եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացի «Օպել վեկտրա B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 37-ամյա Է. Օգանեսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածներ Ա., Մ., Ռ. Բալասանյանների եւ Ս., Վ. Բալայանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Է.Օգանեսյանինը` բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը: