Երեւան-Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ Դե Լյուքս» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Քինգ Դե Լյուքս» ընկերության վարորդները հայտարարել էին, որ առաջիկա օրերին պատրաստվում են փակել Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան միջպետական ճանապարհը՝ բողոքելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անօրինական գործողությունների դեմ:
Տնօրինությունն ըմբռնումով է մոտենում վարորդների բողոք-պահանջին, սակայն գտնում է, որ ճանապարհ փակելը անթույլատրելի է, քանի որ սպասարկվող երթուղիները պետական նշանակություն ունեն եւ երթուղիները իրավունք չունեն դադարել սպասարկվելուց:
Տնօրինությունը այս օրերին կփորձի ընկերության եկամուտների հաշվին վարձատրել վարորդներին՝ մեղմելով նրանց դժգոհությունը:
Համոզված ենք որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը այս անգամ կգտնի համապատասխան վերջնական լուծումները: Նշենք նաեւ, որ խնդիրը լուծելու համար նամակ-գրություններ են ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարություն, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարություն»:
Նշենք, որ այս ընկերության սեփականատերը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանն է (Պալաչ), որը բարդ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ վերջինս անվճար ավտոբուսներ է տրամադրում Աբովյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկողների համար: Հենց դա էլ առաջ է բերել վարորդների զայրույթը, որոնք ուղեւորի պակաս ունեն:





























