Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մանդատի համար թեկնածություն առաջադրելու համար թեկնածուներն այսօրվանից՝ օգոստոսի 5-ից, կարող են անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ հավելելով, որ փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչեւ սեպտեմբերի 15-ը, իսկ թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ սեպտեմբերի 25-ը:
Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ այս պահը ոչ ոք թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել: Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մանդատի տեղը թափուր է մնացել, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո հուլիսի 11-ին Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները թիվ 38 ընտրատարածքում կայանալու են սեպտեմբերի 29-ին:





























