Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող Մեհմեդ Փերինչեքն ազատ է արձակվել:
Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել սկանդալային «Էրգենեկոնի» գործով վերջին դատական նիստը, որի ժամանակ հայտարարվել են մեղադրյալների պատժաչափերը։
Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում մոտ 5 տարի տեւող «Էրգենեկոն»-ի գործով վերջին դատական նիստին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանի նախագահ Հասան Հուսեյին Օզեսեն կարդացել է դատարանի կայացրած որոշումները։
Դատարանի որոշմամբ դահլիճից ազատ ե արձակվել 16 մեղադրյալներ, որոնց թվում է եղել երդվյալ հակահայ գործիչ, «Աշխատավորական» կուսակցության նախագահ, Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող «Թալեաթ փաշա» կազմակերպության ղեկավար Դողու Փերինչեքի որդին՝ Մեհմեդ Փերինչեքը, ով սերտ կապեր ունի ադրբեջանի իշխանությունների հետ եւ հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարով եւ ստահոդ տեղեկություններ պարունակող գրքերով։
Նշենք, որ դատարանի կողմից Դողու Փերինչեքը դատապարտվել է 117, խիստ հակահայ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը՝ ցմահ, Յալչըն Քյուչուքը՝ 86 տարվա ազատազրկման։
Ի թիվս այլոց, դատարանը «Էրգենեկոնի» գործով ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին՝ «հեղաշրջման փորձ իրականացնելու» եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով։
Դատական նիստը դեռեւս շարունակվում է։
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:





























