Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նպատակով ներդրված նոր համակարգին ընդգծել է, որ մրցույթում շահող ընկերության հետ համատեղ պետք է շարունակել իրազեկման աշխատանքները եւ սահմանված պահանջների համաձայն կանոնակարգել դաշտը: Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«2011 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան օրենքը, 2012-ին Կառավորության կողմից հաստատվեց կարգը եւ արդեն այս տարի քաղաքապետարանը օրենքին համապատասխան, հայտարարեց մրցույթ, որում շահող կազմակերպությունը հուլիսի 1-ից սկսել է իր աշխատանքները: Ի դեպ մրցույթով կազմակերպություն ներգրավելն ու պայմանագրի հիմնական պայմանները հաստատվել է Երեւանի ավագանու կողմից: Հաշվի առնելով, որ կարգը նոր է եւ շատ քաղաքացիներ հնարավոր է դեռ տեղեկացված չեն, մենք առաջարկություն ներկայացրեցինք մասնավոր ընկերությանը, որպեսզի վարչական իրավախախտումները կիրառվեն սեպտեմբերի 1-ից: Շահող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում կանայատեղիների սպասարկման եւ քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Սակայն եթե, ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, ինչը միայն մրցույթում շահած կազմակերպության դեպքում է համարվում օրինական, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները եւ այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների հետ կապված «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ 13 երթուղիների ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է քաղաքացիներին: Այդ նպատակով շուրջ 180 GPS սարքավորումներ են տեղադրվել ավտոբուսներում: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր երթուղիների կահավորման ուղղությամբ:





























