Տիգրան Առաքելյանի գործով այսօր` օգոստոսի 5-ին, Վերաքննիչ դատարանը վկաններին լրացուցիչ հարցաքննելու որոշում կայացրեց: Վկաններից այսօր հարցաքննվեց միջադեպին ներկա ոստիկաններից Շահեն Հարությունյանը, ով շուրջ 15 րոպե նկարահանել էր միջադեպը, սակայն նրա հեռախոսը դեպքի վայրից անհետացել է: Ի դեպ, նա ասաց, թե նկարահանել է 4-5 մետր հեռավորությունից, իսկ իր մեջքից Տիգրանն է քաշել, որի արդյունքում հեռախոսը ընկել եւ կորել է:

Ոստիկանը սակայն չկարողացավ հիմնավորել, որ եթե Տիգրանը միջադեպի մասնակից է եղել, ինչպես է 5 մետր հեռավորությունն անցել եւ եկել իր մեջքից քաշել գցել: Վկան նաեւ տեղեկացրեց, որ այն ոստիկանը, ում քիթը կոտրվել էր, այլեւս ոստիկանական համակարգում չի աշխատում: Դատարանը հարցրեց նրա հեռախոսահամարը, որպեսզի պարզեն, թե որտեղ է հեռախոսն այժմ գործածվում, սակայն նա հրաժարվեց հեռախոսահամարն ասել՝ պատճառաբանելով, թե դա անձնական է: Այդուհանդերձ, դատարանը պահանջեց, որ գոնե գրավոր կարգով ներկայացնի:

Դատական նիստ հետաձգվեց օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին: Հարկ է նկատել, որ հենց այդ օրն էլ Տիգրան Առաքելյանը կալանավորվել էր: Դատական նիստի վերջում Տիգրան Առաքելյանն ասաց, որ գալիս է դատարան հարազատ մարդկանց տեսնելու, հակառակ դեպքում չէր մասնակցի այդ թատրոնին:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում:

Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել: