Սոչի հանգստանալու մեկնած քաջարանցի ընտանիքը Ռուսաստանի Մայկոպի երկրամասում վթարի է ենթարկվել: ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ նրա կինը՝ Պավել եւ Արեւիկ Արզումանյանները տեղում մահացել են, իսկ նրանց երկու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կրտսեր աղջկա՝ Լիլիթի կյանքը փրկել չի հաջողվել, մյուս աղջկա վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին հայտնում է Armversion.com կայքը: 

Դեպքի առթիվ իր ցավակցությունը հայտնել Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Դեպքը տեղի է ունեցել  շաբաթ օրը՝ ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ 21102-ին, որի վարորդը նույնպես մահացել է, իսկ մյուս ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց:

«Խորը վշտով տեղեկացանք կատարված դժբախտ պատահարի մասին: Քաջարանցիներս ցնցված ենք վրահաս աղետից: Դաժան ավտովթարի զոհ էն դարձել մեր համաքաղաքացիները` ամուսիններ Պավել եւ Արեւիկ Արզումանյանները,եւ նրանց կրտսեր դուստր Լիլիթը: Քաղաքապետարանը ցավակցում է բոլոր հարազատներին,հայտնում իր զորակցությունը»,- ասված է հայտարարության մեջ: