Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից տրվել է գրավոր հանձնարարական արգելել «Ֆոնտեռա» ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը:
Ծառայության մամուլի հաղորդագրության մե ասվում է, թե ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում սովորաբար բեռը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության` համաձայն ՀՀ օրենսդրության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 3-ից 5-ը լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ նորզելանդական «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից ս.թ. օգոստոսի 05-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից եւ ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը եւ կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:




























