Մայրաքաղաքի բնակարանային շուկայում, առաջին հայացքից, որոշ առումով հակասական իրավիճակ է ստեծվել: Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսմայակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը նվազել է 5,1%-ով: Երկրորդ եռամսյակում նույնպես անկում է արձանագրվել` 3,2%-ով:
Իսկ ահա ընթացիկ տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, գործարքների թիվն ավելացել է 12,3%-ով: Թվում է, վերջապես շուկայում դրական տեղաշարժ արձանագրվեց` գնողունակ պահանջարկի ակտիվացման հետ կապված:
Սական խնդիրը պարզ է դառնում` բնակարաների առքուվաճառքի ցուցանիշների երկարժամկետ դինամիկային հետեւելու դեպքում: Անցած տարվա հունիսին, 2011 թ. հունիսի համեմատ, գործարքների քանակը նվազել է 21,8%-ով:
Իսկ այս տարվա հունիսի ցուցանիշը 2011 թ. հունիսի հետ համեմատելու դեպքում գնողունակ պահանջարկի անկումն ակնհայտ է դառնում` 12,2%:
Մյուս հարցը կապված է բնակարանների միջին գների տվյալների հետ, որոնք պարբերաբար հրապարակվում են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կոմից: Դատելով այդ տեղեկատվությունից` ընթացիկ տարում բնակարանների գներն աճել են: Սակայն մայրաքաղաքային մի շարք ռիելթորներ կասկածանքով են վերաբերվում այդ տեղեկատվությանը եւ պնդում են, որ անշարժ գույքի տեղական շուկան եւ, մասնավորապես, բնակարանայինը, լճացման փուլում է:
Ըստ ամենայնի` բնակարանների գների «աճի» վրա անդրադառնում են բնակարանների միջին գների հաշվարկման մեթոդաբանական նրբությունները: Նկատենք, որ պաշտոնական տվյալներով, առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիների մուտքի-ելքի բացասական սալդոն հասել է ռեկորդային թվի`123 հազար մարդ: Սա գրեթե 30%-ով բարձր է անցած տարվա ցուցանիշից:
Անգամ հաշվի առնելով այն փաստը, որ մեր հայրենակիցներից շատերը մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի, միեւնույն է, բացասական սալդոյի մեծությունը վկայում է երկրում արտագաղթի ակտիվացման մասին: Այս գործոնը, անկասկած, կանդրադառնա բնակարանների շուկայի վրա` բերելով առաջարկի հետագա ավելացման:


Ալբերտ Խաչատրյան





























