Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է իրականացնել շուրջ 25000 քմ  մակերեսով մայթերի սալապատման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այս պահի դրությամբ ծրագիրն ավարտվել է գրեթե 70 տոկոսով`ընդգրկելով 16000 քմ տարածք: Գարնանից մեկնարկած աշխատանքների արդյունքում հատվածաբար նորերով են փոխարինվել  Աբովյան, Արամի,  Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյուն, Սարյան, Խորենացի, Թումանյան փողոցների, Մաշտոցի, Բաղրամյան,Սայաթ-Նովայի պողոտաների եւ Դավթաշենի այգու բետոնե սալիկները:

Որոշ հատվածներում վերատեղադրվել, հարթեցվել ու ամրացվել են նախկին սալիկները` այդպիսով ի չիք դարձնելով  նաեւ կոտրված կամ վնասված սալիկների հետեւանքով վնասվածքներ ստանալու հավանականությունը: Փոխվել են նաեւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի, Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի, Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ տանող ճանապարհների սալիկները:

Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի  մրցույթով սահմանված տեխնիկական պահանջներին:  Մայթերի սալապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել  2013 թվականի 3-րդ եռամսյակում: