Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից «Երեւան Կաթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունն արգելվել է:
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թվականի հուլիսի 25-ին այդ ապրանքատեսակների գծով կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակները ՄԱՖԱՄ եւ ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:
Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել է «Երեւան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը:
Ինչպես նաեւ «Երեւան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները եւ «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքնիշի պաղպաղակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան:




























