Երեւանի Իսակովի պողատայում` Ներքին զորքերի զորամասի մոտակայքում, վթար է եղել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 7-ին, ժամը 06.14-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա Պրադո» մակնիշի 77 VA 001պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վերադարձի ճանապարհին` «Ոսկե Համբույր» ռեստորանի մոտակայքում, հրշեջ փրկարարները նկատել են մեկ այլ վթար. բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 DO 663 պետհամարանիշի ցեմենտատար ավտոմեքենան (վարորդ` Կ.) եւ «ԳԱԶ-53» մակնիշի 032 LT 61 պետհամարանիշի աղբատարը (վարորդ` Ն.), ինչից աղբատարը կողաշրջվել է. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:





























