Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման տարեկան ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում նաեւ բակային տարածքների ձեւավորման ուղղությամբ: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս բակային տարածքներում իրականացվում են նկարազարդման աշխատանքներ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե աշխատանքները հիմնականում իրականացվում են վարչական շրջանների կողմից:
2013թ. ծրագրով նախատեսվում է նկարազարդել եւս 241 բակային տարածք: Դրանցից 148 -ում աշխատանքներն արդեն իսկ ավարտված են: Նշենք, որ նախորդ տարի մայրաքաղաքում նկարազարդվել էր 215 բակային տարածք:
Նկարազարդումների համար թիրախային տարածքները ավտոտնակների եւ հարակից այլ շինությունների պատերն են: Պատկերազարդումների թեմաները հայկական էպոսի եւ հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներն են, նաեւ կերպարներ ու դրվագներ սիրված մուլտֆիլմերից ու հայկական բնաշխարհի պատկերներից, որոնք նաեւ դաստիարակչական նշանակություն ունեն: Որոշ դեպքերում աշխատանքները լրացվում են հետաքրքիր դեկորատիվ լուծումներով:




























