Ֆրանսիական Շավանն բնակավայրի (Շեր դեպարտամենտ) քաղաքապետ Պոլ Ռենոդան խոստացել է ինքնասպան լինել, եթե իր բնակավայրի տարածքում գնչուներ հայտնվեն: Այդ մասին նա հայտնել է Le Parisien թերթին: Ռենոդան ընդգծել է, թե պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Ֆրանսիայի բարեկեցության:
200 բնակիչ ունեցող Շավաննի քաղաքապետն առաջին անգամ նման հայտարարություն արել է հուլիսի 29-ին: Նա իր մտադրությունների մասին հայտնել էր ոստիկանությանն ու տեղական RDB ռադիոկայանին: Ոստիկանությունը քաղաքական գործչին այցելել է եւ պարզել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Նրան, սակայն, տեղափոխել էին բուժզննման, իսկ որսորդական հրացանն առգրավել:
Շավաննի քաղաքապետին նյարդայնացրել էր հանգամանքը, որ մի քանի տասնյակ գնչուական ընտանիքներ եկել էին եւ հաստատվել տեղական մարզադաշտում: Քաղաքապետը նախ ինքն էր թույլատրել նրանց կանգառը, իսկ երբ բնակիչները վրդովել էին, նման հայտարարություն է արել:





























