Ռուսաստանի Մայկոպի երկրամասում օգոստոսի 3-ին մահվան ելքով վթարի ենթարկված հայ ընտանիքի կրտսեր դուստրը` Լիլիթ Արզումանյանը Հայաստան վերադառնալուց հետո պետք է նշանվեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:
«Հուղարկավորության ժամանակ իմացանք, որ մահացած աղջիկը ընկեր ունի եւ պետք է նշանվեին: Բավական հուզիչ տեսարան էր, երբ հոր հետ տղան եկավ: Դիակի վրա լացում էր: Ամբողջ քաղաքն էր ողբում»,- պատմեց քաղաքապետը: Նրանից նաեւ տեղեկանաք, որ վթարից վիրավորված մյուս քույրը գիտակցության է եկել, սակայն ընտանիքի հետ կատարված դժբախտ դեպքի մասին նրան չեն հայտնել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Մայկոպի երկրամասում նրանց վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ 21102-ին: Վարորդը` Պավել Արզումանյանը, նրա կինը` Արեւիկը Արզումանյանը եւ դուստրը` Լիլիթ Արզումանյանը մահացել էին: Իսկ մյուս դուստրը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հարցին, թե ինչպես են ֆինանսական ծախսերը հոգացել, եւ ով է նրանց տեղափոխությունը կազմակերպել, քաղաքապետն ասել էր. «Մի հայ տղա սգո արարողությունների կազմակերպման գրասենյակ է ունեցել եւ նա է պատրաստակամություն հայտնել տեղափոխել Հայաստան: Իսկ ֆինանսավորումը կատարում է հիմնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ընտանիքի հայրը այնտեղ փականագործ է աշխատել: Հուղարկավորությունը վաղն է: Մյուս աղջկա բուժման ծախսերը եւ հետագայում նաեւ տեղափոխությունը եւս կհոգան»,- ասել էր քաղաքապետը:




























