ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչեւը հերքել է իր մահվան մասին լուրերը, որոնք հայտնվել էին որոշ լրատվամիջոցներում: «Պոռնիկները զուր հույսեր են փայփայում, ողջ առողջ եմ»,-ասել է նա «Նովայա գազետա»-ին, որի համասեփականատերերից մեկն է:

Գորբաչեւը խնդրանքով դիմել է թերթի խմբագրությանը՝ պարզելու համար, թե ով է նման լուրեր տարածում: «Հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ առաջ են մղում իրենց կայքերը կամ ինչ-որ իշխանությունների պատվեր են կատարում: Հետաքրքրվում եմ, թե ում դա դուր չի գալիս»,-նշել է ԽՍՀՄ Կոմկուսի կենտկոմի նախկին գլխավոր քարտուղարը:

Գորբաչեւի մահվան մասին կեղծ լուրերը տեղադրել են հաքերները՝ Twitter-ում «ՌԻԱ նովոստիի» իրենց կողմից կոտրած էջերում: Գործակալությունը ներքին հետաքննություն է սկսել Միջազգային մուլտիմեդիայի մամուլի կենտրոնի եւ RIA Novosti Deutsch-ի գրառումները կոտրելու փաստի առթիվ:

Լուրերը, թե Գորբաչեւը մահացել է, հրապարակումից 5 րոպե անց հեռացվել են, հաղորդում է BFM.RU-ն:

«ՌԻԱ Նովոստին» պատրաստվում է դիմել դատախազություն եւ Անվտանգության դաշնային ծառայություն՝ խնդրելով հետաքննել իրենց էջերը կոտրելու փաստը: Բացի այդ, գործակալությունը դիմել է Twitter ընկերությանը՝ կիբերհանցագործների IP-հասցեներն ստանալու խնդրանքով: