Վլադիմիր Պուտինը երբեմն «դասարանի վերջին նստարանին նստող ձանձրացող աշակերտի տեսք ունի»: Այս մասին, օգոստոսի 9-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ անդրադառնալով Պուտինի հետ իր անձնական հանդիպումներին:
Օբաման հայտարարել է, որ ինքը անձնական հակակրանք չունի Պուտինի նկատմամբ: Նա նշել է, որ ՌԴ նախագահի հետ շփումը ժամանակ առ ժամանակ կրում է կառուցողական բնույթ: «Մեր երկխոսությունը բավական անկեղծ է, երբեմն կառուցողական»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Օբաման չեղյալ է համարել Պուտինի հետ Մոսկվայում սեպտեմբերին նախատեսված հանդիպումը: Պատճառը ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալները բացահայտած Էդվարդ Սնոուդենի հետ կապված պատմությունն է, որը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում:
Ասուլիսում Օբաման հայտարարել է, որ բացի Սնոուդենի հետ կապված խնդրից, կան էլի մի շարք պատճառներ՝ Պուտինի հետ հանդիպումը չեղյալ համարելու համար: Այդ շարքում նա նշել է Սիրիայի հարցում երկու երկրների միջեւ առկա տարաձայնությունները եւ մարդու իրավունքների հարցերը:
Օբաման բացատրել է Պուտինի հետ հանդիպումից հրաժարվելու իր որոշումը




























