Նորզելանդացի անասնաբույժ Քեյթ Հելերը փրկել է Ռորի մականվամբ 7-ամյա կատվի կյանքը, որը թունավորվել էր մկնդեղից՝ նրան շտապ շան արյուն փոխներարկելով:

Սատկող կատվի տեր Քիմ Էդվարդսը ընտանի կենդանուն բերել է Հելերի հիվանդանոց ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ նրա խարտյաշ սիրելին հանկարծակի տանը վատ է զգացել: Բժիշկը անմխիթար տիրուհուն հայտնել է, որ Ռորին ապրելու միայն երկու հնարավորություն ունի՝ գտնել համանման արյան կարգով մեկ այլ կատու-դոնոր կամ դիմել ռիսկի եւ փոխներարկել շան արյուն, հաղորդում է Լայֆ Նյուսը:

«Ես շտապ կապ հաստատեցի կենդանիների արյան նորզելանդական բանկի հետ, նրանց խորհրդով որոշեցի, որ ավելի ապահով կլինի վերցնել շան արյունը, քան փնտրել արյան նույն խմբով կատվի. մենք սխալվելու իրավունք չունեինք»,- պատմել է անասնաբույժը: Նրա խոսքով, երկու տարբեր կենդանիների արյան փոխներարկումը հազվադեպ է հանդիպում եւ խորհուրդ չի տրվում, սակայն արտակարգ իրավիճակ էր:

Քիմ Էդվարդսը կապ էր հաստատել Մեյսի մականվամբ սեւ լաբրադոր շան տիրուհի, իր ընկերուհի  Միշել Ուիտմորի հետ, եւ նա համաձայնել էր վիրահատության համար տրամադրել չորքոտանի դոնորին: Վիրահատությունը հաջող էր ընթացել, եւ, անասնաբույժի խոսքով, մեկ ժամ անց արդեն Ռորին գիտակցության էր եկել եւ կարողացել էր անգամ իր ուժերը փքաբլիթով ամրապնդել: