Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հարցազրույցը NEWS.am-ին.

Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն են ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ընթացքում արդեն  ձեռքբերած արդյունքները: Հաջողվո՞ւմ է հասնել նախանշված նպատակներին:

2013թ. շատ կարեւոր եւ պատասխանատու տարի է Ուկրաինայի համար, քանի որ, ինչպես հայտնի է, մեր պետությունը ԵԱՀԿ նախագահն է, իսկ դա շատ կարեւոր եւ պատասխանատու առաքելություն է: Նախագահության ամենասկզբում Ուկրաինան նշել է առաջնահերթությունները, եւ, բնականաբար, այսօր մենք արդեն  կարող ենք այդ ժամանակահատվածում կատարված աշխատանքի արդյունքներն ամփոփել:

Հիմնական ձեռքբերումն այն է, որ Ուկրաինայի նախագահության ընթացքում հաջողվեց ապահովել արդիական խնդիրների լուծման պատշաճ դինամիկա եւ մասնակից պետությունների ուշադրությունը կենտրոնացնել ԵԱՀԿ օրակարգի կարեւորագույն խնդիրների քննարկման վրա:

Ինչ վերաբերում է Ժնեւի միջազգային քննարկումներում Ուկրաինայի նախագահությանը, ապա վերջինիս միջնորդությամբ ամեն ամիս Վրաստանում տեղի են ունենում Միջադեպերի նախազգուշացման եւ արձագանքման մեխանիզմների նիստեր, որոնց ընթացքում քննարկվում են Հարավային Օսիայի հետ սահմանային գոտու անվտանգության հարցեր:

Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ԵԱՀԿ-ում էներգետիկ անվտանգության վերաբերյալ երկխոսության աշխուժացմանը: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդես են եկել այս տարվա հոկտեմբերին Աշգաբադում  էներգետիկ անվտանգության հարցերով ԵԱՀԿ բարձր մակարդակի կոնֆերանս անցկացնելու  համատեղ նախաձեռնությամբ, եւ այդ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն եւ առաջացրել եւ հավանություն ստացել Կազմակերպության անդամ պետությունների շարքում: 

Բացի դրանից, Կազմակերպության մշտական ուշադրության կենտրոնում են լրատվամիջոցների ազատության եւ լրագրողների անվտանգության, անհանդուրժողականության եւ ճնշումների դեմ պայքարի, կրոնական ազատության, հավաքների ազատության, ժողովրդավարական ընտրությունների եւ դրանց դիտարկման, ազգային փոքրամասնությունների պաշտպանության հետ կապված եւ բազմաթիվ այլ հարցեր: 

Կա՞ առաջընթաց սառեցված հակամարտությունների կարգավորման գործում, հաշվի առնելով, որ հարցը նշված էր Ուկրաինայի նախագահության  գերակայությունների շարքում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի վերջերս տարածաշրջան եւ մասնավորապես Հայաստան կատարած այցի արդյունքները:

Նախապես հայտարարվել էր, որ նախագահության գերակայություններից է երկարաձգված հակամարտությունների կարգավորման հարցը՝ Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում, որոնք սպառնալիք են եվրոպական անվտանգության համար:

Ուկրաինայի նախագահությունն իր առաջ իրական նպատակներ է դնում. փոքր, բայց հետեւողական քայլերով հասնել առաջխաղացման, վերականգնել հակամարտության  մասնակիցների միջեւ վստահությունը, բանակցությունների սեփական հարթակ տրամադրել:

Այս կես տարվա ընթացքում Մերձդնեստրի հակամարտության  կարգավորման ուղղությամբ  «5+2» ձեւաչափով բանակցությունների երկու փուլ է անցկացվել: Օրակարգում շարունակում են մնալ տեղաշարժման ազատության, իրավապահ մարմինների համագործակցության ակտիվացման, տնտեսական եւ հումանիտար համագործակցության բնագավառների բարելավման վերաբերյալ հարցերը: 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման համատեքստում, Ուկրաինան մշտապես ազդարարում է հիմնախնդրի կարգավորման  հիմքային  սկզբունքների համաձայնեցումն ավարտելու անհրաժեշտության մասին, հորդորում զերծ մնալ միակողմանի քայլերից, կայունացնել իրավիճակը շփման գծում: Մեր պետությունը նաեւ սատարում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կես տարվա ընթացքում համանախագահներն արդեն երկու անգամ այցելել են Կիեւ, այցերի ընթացքում բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել կարգավորման գործընթացի շուրջ:  

Երեւանի եւ Կիեւի միջեւ երկկողմ հարաբերությունների առումով կա՞ն ինչ-որ «սուր անկյուններ»:

Հաճելի է նշել, որ ներկայումս մեր պետությունների հարաբերությունների միջեւ բացակայում են որեւէ «սուր անկյունները»:

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար ձեւավորված բարեկամական հարաբերություններն այսօր զարգանում են շատ արդյունավետ բոլոր ուղղություններով՝  քաղաքական, տնտեսական, հումանիտար-մշակութային:

Կցանկանայի նույնիսկ նշել, որ մեր երկրները ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» անդամներ են, որը նպաստում է միջազգային հարթակներում ավելի սերտ համագործակցության: 

Ուկրաինան Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակում մտադիր է ստորագրել, իսկ Հայաստանը՝ նախաստորագրել Ասոցացման  եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը:

Բացի դրանից, մշտական հիմունքով զարգանում է  երկխոսությունը պետությունների քաղաքական առաջնորդների միջեւ, որը վկայում է փոխազդեցության բարձր մակարդակի մասին եւ նպաստում արդիական երկկողմ հարցերը լուծելուն:

Ինչպիսի՞ն են ապրանքաշրջանառության ծավալները: Կա՞ն խնդիրներ «Ռոշեն» ընկերության արտադրանքի իրացման հարցում:

Կցանկանայի նշել, որ այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է: Այն կազմել է 80-81 միլիոն դոլար: Ըստ մեր տվյալների՝ անցյալ տարվա համեմատությամբ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7%-ով: Սա շատ լավ ցուցանիշ է:

Մեր երկրների տնտեսական կառույցներում համագործակցության նոր ոլորտների ստեղծումը եւ որոնումն, անկասկած, դրական է ազդում  հասարակական չափորոշիչների բարձրացման վրա եւ օգուտ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար: Մեր աշխատանքում մեծ նշանակություն ենք տալիս  տնտեսական բնագավառի զարգացմանը եւ մեր առաջ մեծ ծրագրեր ենք դնում: Այս տարվա նոյեմբերին մենք մտադիր ենք Կիեւում տնտեսական հարցերով համագործակցության ուկրաինա-հայկական  միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել: Այդ նիստի շրջանակում նախատեսվում է նաեւ անցկացնել բիզնես ֆորում, որը, ըստ մեր համոզման,  կնպաստի երկու երկրների գործարարների միջեւ ուղղակի կապեր հաստատելուն:

Ուկրաինայի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատներն արդեն սկսել են աշխատանքն այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է «Ռոշեն» ընկերությանը, այդ հարցն այժմ շատ արդիական է: Ձեզ հայտնի է այդ ուղղությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խնդրի զարգացման մասին: Կցանկանայի միայն նշել, որ Ուկրաինան եւ Հայաստանը վստահելի գործընկերներ են արդեն երկար տարիներ: Վիճակագրությունը վկայում է, որ Ուկրաինայից Հայաստան  քաղցրավենիքի արտահանումը մշտապես աճում է:

Ինչպե՞ս է զարգանում հումանիտար համագործակցությունը: Ի՞նչ  միջոցառումներ են նախատեսված Տարաս Շեւչենկոյի ծննդյան 200-ամյակի առիթով կայանալիք տոնակատարությունների կապակցությամբ:

Մեր պետությունների միջեւ հումանիտար համագործակցությունն ավանդաբար գտնվում է բարձր մակարդակում: Ակտիվ զարգանում են Ուկրաինայի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մշակութա-հումանիտար կազմակերպությունների հարաբերությունները: Հայտնի է, որ այս տարվա փետրվարին 2013-2017թթ. համագործակցության ծրագիր էր ստորագրվել Ուկրաինայի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների միջեւ, եւ մենք հաջող աշխատում ենք այդ ծրագրի իրականացման ուղղությամբ: 

Կցանկանայի այդ առնչությամբ որպես կարեւոր իրադարձություն նշել ուկրաինացի պատմաբան, հայագետ Իրինա Գայուկի կոթողային «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գիտական աշխատության լույսընծայումը եւ Հայաստանում շնորհանդեսը: Իր աշխատանքի համար հեղինակին շնորհել էին Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» շքանշան:

Ակտիվ զարգանում է նաեւ երկու երկրների պետական արխիվների միջեւ համագործակցությունը: Հունիսին Հայաստանի պետական արխիվում  կազմակերպվել էր «Ղրիմի հայկական եկեղեցիները» ցուցահանդես:

Խոսելով Հայաստանում 2014թ. Տարաս Շեւչենկոյի ծննդյան 200-ամյակի տոնակատարությունների նախապատրաստությունների մասին՝ կցանկանայի նշել հետեւյալը:

Հայտնի է, որ այս տարվա գարնանը Երեւանի «Օղակաձեւ» զբոսայգում հաստատվել էր Մեծ Կոբզարի արձանը: Այդ նախագիծն իրագործվել էր հայ մեկենասների զգալի օգնության շնորհիվ: Հուշարձանի բացումը տեղի կունենա երկու երկրների բարձր ղեկավարության մասնակցությամբ: 

Բացի դրանից, Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան №42 ավագ դպրոցում թեմատիկ թանգարան-դասարանի ստեղծման աշխատանքներ են տարվում:

Հայաստանում կայանալիք այլ միջոցառումների շարքում նախատեսվում են տարբեր համերգներ, Տ. Շեւչենկոյի գործունեությանը նվիրված գրքերի հրատարակումներ, եւ այլն:

Ինչպիսի՞ն են Հայաստանից Ուկրաինա եւ հակառակ ուղղությամբ  զբոսաշրջիկների հոսքի  ծավալները: Շահավե՞տ էր Երեւան-Սիմֆերոպոլ սեզոնային չվերթը:

Երբ Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունը  այս տարվա սկզբին մուտք գործեց Հայաստանի շուկա, առաջնահերթ էր դիտվում   «Կիեւ-Երեւան-Կիեւ» չվերթը: Սկզբում այդ երթուղով չվերթներ էին իրականացվում շաբաթական երեք անգամ: Այժմ չվերթների թիվն ավելացել է մինչեւ վեց անգամ եւ դարձել գրեթե ամեն օր: Բոլոր չվերթներն ամբողջովին լեփ-լեցուն են:

Ինչ վերաբերում է «Երեւան-Սիմֆերոպոլի» նման սեզոնային չվերթներին, ապա  ավիաընկերությունը երկար ժամանակ բանակցությւոններ էր վարում, որոնք հաջողությամբ պսակվեցին: Զգալի աճեց ուղեւորների հոսքը, հատկապես՝ Ղրիմ, ուր ամեն տարի բազմաթիվ հայ քաղաքացիներ են մեկնում հանգստանալու: 

Մեր կարծիքով այսօր միակ բանը, որի ուղղությամբ պետք է աշխատեն ուկրաինական դեսպանատունը եւ Հայաստանի ավիացիոն իշխանությունները, ավիատոմսերի սակագների նվազեցումն է, որոնք այսօր շարունակում են թանկ մնալ:

Ի՞նչ կցանկանայիք մաղթել Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ:

Այս օրերին Ուկրաինայի ժողովուրդը նշում է իր երկրի անկախության 22-ամյակը, շատ հաճելի է նշել Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, որն էլ ավելի է բազմապատկում այդ տոնի նշանակությունը:

Հաճելի է նաեւ նշել, որ Ուկրաինան տուն է դարձել  հայկական  մեծ սփյուռքի համար, որը, բազմաթիվ հավաստիացումներով, Ուկրաինայում իրեն ազատ եւ հարմարավետ է զգում: 

Հաճելի է նաեւ այն, որ  մենք մշտապես գտնում ենք բարեկամության եւ փոխընկալման, ինչպես նաեւ համագործակցության նոր ուղիներ: 

Մեր ազգային տոնի՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ, որը մենք նշում ենք օգոստոսի 24-ին, ես կցանկանայի մեր ժողովուրդներին մաղթել բարգավաճում, երջանկություն եւ ամենայն բարիք:

Զրուցեց Մարիամ Լեւինան