Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը օգոստոսի 27-ին հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսել է ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր է գնահատել ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մեծապես կարեւորելով Արգենտինայի փոխնախագահի այցելությունը՝ դեսպան Մելիքյանը նշել է, որ այն նոր ճանապարհ հարթեց երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ առավել խորացման համար։ Ըստ դեսպանի, այցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ առկա է չօգտագործված հսկայական ներուժ, որի կյանքի կոչման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները։
Առանձնակի դրվատանքով խոսելով արգենտինահայ համայնքի մասին՝ փոխնախագահ Բուդուն նշել է, որ այն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցերին։





























