ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անհնար դարձնելու նպատակով Ուկրաինայի նկատմամբ գործադրվող ցանկացած ճնշում անթույլատրելի է, հայտարարել է Եվրամիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Բրյուսելում օգոստոսի 27-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի հետ բանակցությունների ընթացքում:
Ֆյուլեն ընդգծել է, որ ռուսական կողմի մտավախությունները Ուկրաինայի հետ առեւտրի վրա ազդեցության վերաբերյալ անհիմն են:
«Մոսկայում մեկնաբանել են, որ Ասոցացման եւ առեւտրի խոր եւ համապարփակ գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը Ռուսաստան ներկրվող ուկրաինական ապրանքների համար մաքսային ընթացակարգերի խստացման կհանգեցնի: Թույլ տվեք հիշեցնել, որ Ասոցացման մասին համաձայնագիրն ուղղված չէ Մաքսային միության հետ Ուկրաինայի կառուցողական հարաբերությունների զարգացման կանխարգելմանը, քանի դեռ դրանք հիմնված են ԱՀԿ-ի սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Էքսպրես-Նովոստին» հայտնում է, որ օգոստոսի 29 –ին Բրյուսելում կանցկացվի Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հանդիպումը: Բանակցությունների թեման հարեւան երկրների՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ճգնաժամն է:



























