Սիրիական կողմերին զենք մատակարարելը միայն մեծ արյունահեղության է հանգեցնում, օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
«Զենք մատակարարած բոլոր կողմերը միայն մեծ արյունահեղություն են տեսել, այլ ոչ թե բռնության ավարտ: Այդ պատճառով էլ երկխոսությունը եւ քաղաքական որոշումն ամենաարդիական մոտեցումն են»,- հայտնել է նա:
Բան Կի Մունը հույս է հայտնել, որ Սիրիայում «Ժնեւ-2» խաղաղ կարգավորման կոնֆերանսը կգումարվի որքան հնարավոր է շուտ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ հայտնել է, որ ՄԱԿ-ի փորձագետներին անհրաժեշտ է եւս չորս օր՝ աշխատանքն ավարտելու եւ Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ իրավիճակը վերլուծելու համար: «Իմ մանդատը եւ պատասխանատվությունն ինձ պարտավորեցնում են անցկացնել մանրամասն եւ ամբողջական քննություն՝ կիրառվել է արդյոք քիմիական զենք, թե ոչ», - նշել է նա. «Ահա թե ինչու են փորձագետներն այդքան շատ աշխատում՝շատ վտանգավոր պայմաններում: Թույլ տվեք նրանց ավարտել աշխատանքը, որը հետո վերլուծության կենթարկվի»:





























