Հոլիվուդի հայտնի դերասան Ջորջ Քլունիի արբանյակը հետեւում է Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին եւ նրա դաշնակիցներին: Այս մասին դերասանը հայտարարել է Վենետիկի կինոփառատոնի ժամանակ: Վերջերս դերասանը բավականին շատ միջոցներ է ներդրել Սուդանի տարածքին հետեւող լրտես-արբանյակի աշխատանքի մեջ:
Նրա խոսքով՝ սուդանցիների վրա հարձակումներն իսկապես ավելի հազվադեպ են դարձել, ինչը խոսում է ծրագրի հաջողակ լինելու մասին, փոխանցում է NEWSru.com-ը:
Քլունին նշել է, որ ծրագրի հաջողությունը բացատրվում է նրանով, որ արբանյակը վերազինվել է լրացուցիչ ինֆրակարմիր տեսախցկով, ինչն օգնում է իրավիճակին հետեւել անգամ գիշերը կամ ամպամածության ժամանակ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Քլունին ձերբակալվել էր ԱՄՆ-ում Սուդանի դեսպանատան մոտ ցույցին մասնակցելու համար:





























