Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից՝ թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին՝ ընկերոջ հետ միասին։
«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ՝ ոմն Վահագի մոտ հեռախոսի գրպանչիկից թափվել է ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։
Դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չկա հարուցված, այլ նախապատրաստվում են նյութեր։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Կայքի ունեցած տեղեկություններով՝ Ա.Օսկանյանի անունը շրջանառվում է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ այլ գործով եւս։
Այս տեղեկատվությունը հաստատելու համար դիմել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղ խոստացել են ճշտել տեղեկությունը եւ հայտնել:





























