Կալիֆորնիական Բըրբենք քաղաքում անհետ կորած 24-ամյա հայի ընտանիքը տեղի հասարակական կազմակերպության հետ միասին գումար է հավաքում, որպեսզի ֆինանսավորի անհետացման փաստի առթիվ մասնավոր խուզարկուի հետաքննությունը: Այդ մասին գրում է «Burbank Leader»-ը:

Գեւորգ Բոյաջյանին վերջին անգամ տեսել են ավելի քան մեկ ամիս առաջ, երբ ան լքել է Բըրբենքի իր տունը, սակայն նրա ընտանիքը հույս ունի, որ ինչ-որ երջանիկ օր տուն կվերադառնա: Հայի ընտանիքը Գլենդելում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանություն» կազմակերպության հետ միասին հիմնադրամ է հիմնել, որպեսզի գումար հավաքի եւ անհետացման փաստի առթիվ հետաքննության համար խուզարկու վարձի:

Բըրբենքի ոստիկանությունը հետաքննում է Բոյաջյանի անհետացումը, սակայն հաղորդումներ համաձայն, ոչ մի նոր տվյալ չունի: Իշխանությունները հանցագործության ոչ մի ապացույց չունեն, իսկ ինքը անհետացածը նախկինում երբեք չի ակնարկել, որ ցանկանում է վնասել իրեն:

Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, 24-ամյա Գեւորգ Բոյաջյանը հուլիսի 20-ին առավոտյան 7:30-ին տանից դուրս է եկել, նրա հագին եղել են ջինսե սեւ տաբատ եւ սեւ վերնահագուստ: Մի որոշ ժամանակ նա իր մորը հայտնել է, որ կվերադառնա, սակայն կոնկրետ ժամանակ չի նշել: Ավելի ուշ նրա հեռախոսից ընկերոջը նամակ է ստացվել. «Զանգահարի՛ր ինձ»: Այդ պահից ի վեր նրանից լուր չկա:Ընտանիքի անդամների խոսքով, այդ պահից նրա հեռախոսը անջատված է, չի օգտվել կրեդիտ քարտից, չի հայտնաբերվել հիվանդանոցներում ու բանտերում: