Ժամանակներն այնպիսին չեն, որ վստահ լինես, որ ոչ մի այդպիսի բան չի կարող լինել,
Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում հայտնաբերված անհայտ ծագմամբ նյութը կենթարկվի քիմիական փորձաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նա նշեց, որ երկու օր առաջ դեկանի աշխատասենյակի երկայնքով` մի հատվածում, փոշի է հայտնաբերվել, այժմ այն կենթարկեն քիմիական փորձաքննության, որպեսզի պարզեն, թե ինչ է:
«Համալսարանի տարածքը բաց է լինում, ժամանակներն այնպիսին չեն, որ վստահ լինես, որ ոչ մի այդպիսի բան չի կարող լինել, ենթարկելու ենք քիմիական անալիզի, հետո պատասխանները կստանանք, կիմանանք ինչ է, գուցե լվացման փոշի է եղել, որեւէ բան չկա, բայց ամեն դեպքում զգուշանում ենք էլի»,- ասաց ռեկտորը:
Արամ Սիմոնյանն անձամբ չի տեսել, թե ինչ նյութ էր եւ չի կարող բնութագրել այն, միայն նշեց, որ փոշին արագ հավաքվել է, իսկ այժմ դեկանի աշխատասենյակը փակ է: «Չեմ կարծում, որ այդպես լուրջ է, համալսարան է, աշխատող օրգանիզմ է, լաբորատորիաներ ունենք»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում անհայտ ծագմամբ նյութ է հայտնաբերվել: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատել էր Պավել Բալայանը` նշելով, որ դեռ հայտնի չէ, թե ինչ նյութ է, միգուցե ինչ-որ փոշի է: «Ով զբաղվում է, նրանց հարցրեք, այդ թեմայով ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց դեկանը` հավելելով, որ դիմել է իրավապահ մարմիններին, նրանք զբաղվում են: Պավել Բալայանը ոչ մի այլ հարցի չէր պատասխանել եւ պարզապես անջատել էր հեռախոսը:
Մեր տեղեկություններով`այժմ նրա աշխատասենյակի դուռը փակ է, այն կնքել են: Կասկածներ կան, որ դեկանի աշխատասենյակում սնդիկի պարունակությամբ նյութ են լցրել:





























