Ռուսաստանի Մայկոպի երկրամասում օգոստոսի 3-ին մահվան ելքով վթարի ենթարկված ընտանիքի մյուս դստեր` 27-ամյա Մերի Արզումանյանը կոմայից դուրս է եկել եւ արդեն Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:
Նա նշեց, որ ավագ քույրը, ով ամուսնացած է եւ բնակվում է Քաջարանում, գնացել է քրոջը տեսության: Աղջկա վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է, նա առայժմ անշարժ է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո եւ 10 օրից հնարավոր կլինի նրան տեղափոխել: Քաջարանի քաղաքապետն ասաց, որ աղջկան դեռ չեն ասել, որ իր ընտանիքի անդամները մահացել են, պարզապես ասել են, որ նրանք եւս անշարժ վիճակում են եւ հնարավոր չէ տեսակցել նրանց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Մայկոպի երկրամասում նրանց վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ 21102-ին: Վարորդը` Պավել Արզումանյանը, նրա կինը` Արեւիկը Արզումանյանը եւ դուստրը` Լիլիթ Արզումանյանը մահացել էին: Իսկ մյուս դուստրը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանք մեկնել էին Ռուսաստան` բարեկամի մոտ` հանգստի նպատակներով: Հարցին, թե ինչպես են ֆինանսական ծախսերը հոգացել, եւ ով է նրանց տեղափոխությունը կազմակերպել, քաղաքապետն ասել էր. «Մի հայ տղա սգո արարողությունների կազմակերպման գրասենյակ է ունեցել եւ նա է պատրաստակամություն հայտնել տեղափոխել Հայաստան: Իսկ ֆինանսավորումը կատարում է հիմնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ընտանիքի հայրը այնտեղ փականագործ է աշխատել: Մյուս աղջկա բուժման ծախսերը եւ հետագայում նաեւ տեղափոխությունը եւս կհոգան»,- ասել էր քաղաքապետը:





























