Սեպտեմբերի վերջերին սպասվում է հայկական ավիափոխադրող ընկերությունների ընտրության մրցույթ: Այն կանցկացվի ամերիկյան McKinsey & Company ընկերության խորհրդատվական զեկույցը ստանալուց հետո: «Արմավիայի» սնանկացումից հետո ոլորտը բաց է մնացել ու բիզնես-հետաքրքրություն է ներկայացնում բազմաթիվ խոշոր գործարարների համար:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնելու գրանցված հայկական 11 ավիաընկերություններից 4-ը: Դրանցից խոշորագույնը «Էյր Արմենիա» ընկերությունն է, որի 2 օդանավեր արդեն իսկ չվերթներ են իրականացնում դեպի Ռուսաստան: ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության հիմնադիրներն են Վահան Հարությունյանն ու Ռուզան Թովմասյանը: Վ. Հարությունյանը ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրն է: Իշխանական շրջանակներում ընկերությունն անվանում են նաեւ «Դավիթ Հարությունյանի» ընկերություն:

Սպասվում է, որ ակտիվություն կցուցաբերի հայ-ամերիկյան «Ատլանտա Յուրոփիան Էյրուեյս» ընկերությունը, որի հիմնադիրները 4-ն են՝ Հայաստանի (Արամ Մարության եւ Ռոմա Մկրտումյան) ու ԱՄՆ ազգությամբ հայ քաղաքացիներ (Սարյան Ջակ եւ Խաչատրյան Սարգիս): Ընկերությունը հավակնում է վերցնել դեպի Եվրոպա եւ ԱՄՆ ուղղությունները; Խոսակցություններ կան, որ եթե ընկերությունը շահի մրցույթում՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ֆինանսական ներարկումներ կիրականացնի:

Տեղեկություններ կան, որ ավիաշուկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ-ից), շամպայն-գինիների գործարանի սեփակաատեր Վերսանդիկ Հակոբյանը: Նրան խիստ հետաքրքրում է Դուբայի ուղղությունը, թեեւ արաբական երկու ընկերություններ արդեն իսկ այս ուղղությամբ հայտեր են ներկայացրել: Գործող ավիաընկերությունների սեփականատերերի ցանկում Վ. Հակոբյանի անունը չի նշված, սակայն մեծ հավանականությամբ խոսք է գնում «Արմենիա Էյրվեյզ» ընկերության մասին: Սրա սեփականատերերի ցանկում նշվում է նաեւ Կարեն Մովսիսյանի անունը, ու, ըստ որոշ տեղեկությունների, նա Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ազգականն է:

Ուշադրությունից դուրս չպետք է թողնել նաեւ «Սկայ Նետ Էյրլայնս» ընկերությանը, որի հիմնադիրն է «Ազգային ավիացիոն միավորում» հկ-ն: Այդ հկ-ի նախագահն էլ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ատբաշյանն է: Այս ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում փոքր ինքնաթիռներով կարճ չվերթների նկատմամբ, սակայն դժվար է ասել, թե բիզնես պլաններն ինչպես կփոխվեն:

Հայաստանում ավիաընկերություններից երկուսը հիմնվել են Ռուսաստանի գրանցում ունեցող արաբ գործարարների կողմից: Դրանք են «Ռիլայըբլ յունիք սերվիսիզ ավիեյշն» եւ «Վետերան Ավիա» ընկերությունները: Հնարավոր է՝ սրանք եւս որոշ ուղղություններով ներգրավվեն մրցույթում: